Softr-ի համահիմնադիր Արթուր Մկրտչյանը՝ ներդրումներ ստանալու, Հայաստանում թիմի և որպես ստարտափ մարտահրավերներին դիմակայելու մասին
Արթուր Մուրադյանն իր փոդքասթի հերթական թողարկման շրջանակում զրուցել է վեբ հավելվածների ստեղծման Softr հայկական հարթակի համահիմնադիր Արթուր Մկրտչյանի հետ։
Softr-ի համահիմնադրի խոսքով՝ հարթակը, որը հնարավորություն է տալիս կարճ ժամանակում և առանց ծրագրավորման գիտելիքների լիարժեք կայքեր և վեբ հավելվածներ ստեղծել, կյանքի են կոչել կնոջ՝ Մարիամ Հակոբյանի մտահաղացմամբ և ի սկզբանե իրենց նպատակն էր «ՏՏ ոլորտից դուրս գտնվող բիզնեսների հիմնադիրներին և մյուսներին թույլ տալ արագ և մատչելի փորձարկել իրենց գաղափարները, ավտոմատացնել բիզնեսը»։
Բեռլինում բնակվող Մարիամ Հակոբյանն ու Արթուր Մկրտչյանը 2021-ի սկզբին Softr-ը շուկա են դուրս բերել առանց արտաքին ներդրումների, սակայն ընկերության գործարկումից ի վեր Softr-ը կարողացել է միլիոնավոր դոլարների ֆինանսավորում ներգրավել։ Համահիմնադիր Արթուր Մկրտչյանի խոսքով՝ այդ միջոցներն օգտագործվել են արտադրանքի հնարավորությունները զարգացնելու և թիմը ընդլայնելու համար։ Հարկ է նշել, որ ստարտափի հիմնական թիմը գտնվում է Հայաստանում:
Խոսելով մասնագետների հավաքագրման մասին՝ Մկրտչյանը նշում է, որ ստարտափների համար բավականին դժվար է լավ մասնագետներ գտնելը, քանի որ հավաքագրման գործընթացում «բախվում են մի շարք պատնեշների»։ Առաջին պատնեշը, Մկրտչյանի խոսքով, ստարտափների նկատմամբ մարդկանց թերահավատ վերաբերմունքն է և «թյուրընկալումը, որ եթե ստարտափ ես, ուրեմն ստաբիլ չես»։ Մյուս խնդիրը՝ նեղ մասնագիտական կադրերի պակասն է։
«5 ծրագրավորողների գերազանց աշխատանքը արդյունք չի տա այնքան ժամանակ, քանի դեռ թիմը ամբողջական չէ և բացակայում են բիզնեսի, մարքետինգի, UX-ի (օգտատիրոջ հարմարավետություն) բաղադրիչները»,- վստահեցնում է Մկրտչյանը։
Հայաստանում լավ կադրերի պակասի պատճառով outsource անելու, տնտեսության ներկայիս պայմաններում որպես ստարտափ մարտահրավերներին դիմակայելու, Softr-ի միջոցով բիզնեսների առօրյան հեշտացնելու և այլ հետաքրքիր թեմաների շուրջ զրույցի մանրամասները՝ տեսանյութում։
Կհետաքրքրեն նաև