Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Խորհուրդներ գործատուներին

Մրցակցությունն աշխատակիցների միջև

14.01.2021 | 2896 դիտում

Աշխատանքային միջավայրում շատ հաճախ ենք հանդիպում մրցակցությանը և դրա վերաբերյալ տարբեր մոտեցումներին։ Որոշ մասնագետներ կարծում են, որ աշխատակիցների միջև մրցակցությունն աշխատանքի արտադրողականության մեծ խթան է, մոտիվացիայի աղբյուր։ Մյուսների կարծիքով՝ մրցակցությունը կարող է վտանգել աշխատանքային միջավայրն ու աշխատանքի որակը։

Որո՞նք են մրցակցության դրական կողմերը

Այսօր, երբ ողջ աշխարհն ապրում է տնտեսական բարձր մրցակցության պայմաններում, կարևոր է դառնում առավելագույնս արդյունավետ լինել բոլոր ուղղություններով՝ սկսած արտադրության ծավալներից մինչև մարդկային ռեսուրսի արտադրողականություն։ Սա նշանակում է, որ ցանկացած ընկերության համար կարևոր է իմանալ՝ աշխատակիցն անում է իր ուժերի ներածի առավելագույնը, կատարելագործվում է, նոր հմտություններ է ձեռք բերում և շարժվում է մասնագիտական նորություններին համընթաց։ Այս նպատակով ներդրվում է մրցակցությունը՝ որպես մոտիվացիայի տեսակ։

Աշխատակիցները պետք է առողջ մրցակցության մեջ լինեն միմյանց, այլ բաժինների և այլ ընկերությունների հետ՝ ձգտելով լինել լավագույնը։ Հաջողությունները դառնում են գովասանքի առիթ, անհաջողություններն ու «պարտությունները»՝ պատժամիջոցների առարկա։

Այստեղ գործարկվում են հոգեբանական մի շարք երևույթներ՝ աշխատակիցն սկսում է գիտակցել թեժ պայքարը, չի ցանկանում լինել պարտվողի դերում և պատրաստ է տարատեսակ քայլերի, որպեսզի լինի առաջինը։ Շատ լավ է, երբ հաշվի են առնվում աշխատակիցների անձնային հատկանիշները և ստեղծվում է մրցակցության առողջ մթնոլորտ, հակառակ դեպքում մրցակցությունը վերածվում է պայքարի, որտեղ հաղթելու համար բոլոր միջոցներն են լավ։ Այս մոտեցումը տեղին չէ գործնական հարաբերություններում և կարող է լուրջ վնասներ հասցնել ընկերությանը։

Մրցակցության մեջ գտնվող աշխատակիցներն ուշադիր են իրենց աշխատանքի մեջ, փորձում են կատարել իրենց գործառույթներն արագ ու որակյալ․ դա նշանակում է, որ նրանց մոտ ռեսուրս է ազատվում, և հնարավոր է նոր ու հետաքրքիր նախագծերի մեջ ներգրավում, ինչն էլ հետագայում բերելու է կարիերայի աճի։ Այսպիսի պայմանները հետաքրքրում են բոլոր կողմերին՝ թե՛ աշխատակիցներին, թե՛ գործատուին։

Մրցակցային ոգու բարձրացումը բերում է աշխատանքային գործընթացների կատարելագործման, որակի բարելավման, կտրուկ պակասում են սխալներն ու վրիպակները, քանի որ դրանք կարող են «պարտության» պատճառ դառնալ։

Բացի դա՝ մրցակցությունն ինքն իրենով պարունակում է խաղային տարրեր, ինչն էլ փոխում է վերաբերմունքն աշխատանքի հանդեպ՝ աշխատանքն ավելի հետաքրքիր է դառնում, մեծանում է դինամիկան, մրցելու ընթացքում արտադրվում են ադրենալին և այլ հորմոններ, որոնք նաև պայքարում են սթրեսի դեմ։

Ղեկավարությունը մրցակցության միջոցով կարողանում է պարզել աշխատակիցների թաքնված հատկանիշները։ Մրցելու ժամանակ ի հայտ են գալիս կազմակերպչական ջիղը, շփման հմտությունները, սթրեսակայունությունը։ Բացահայտելով աշխատակիցներին՝ ղեկավարները կարողանում են առանձնացնել լիդերներին՝ հետագայում նրանց դիտարկելով կառավարող պաշտոնների համար։

Եվ ամենակարևորը՝ մրցելու ընթացքում բացահայտվում են թույլ կամ անհամապատասխան կադրերը։ Եթե ընկերությանը պետք են հմուտ ու ճկուն լիդերներ, պետք է բացահայտել պասիվ աշխատակիցներին՝ տեղ ազատելով առավել համապատասխան մարդկանց համար։ Այստեղ կան որոշակի վերապահումներ, որոնց մասին կխոսենք բացասական կողմերը քննարկելիս։

Որո՞նք են մրցակցության բացասական կողմերը

Մրցակցությունը կարող է բացասական երանգներ ստանալ այն դեպքում, երբ ընկերության ղեկավարության կողմից չեն պահպանվում որոշակի կանոններ։ Այդ կանոնները ենթադրում են, որ մրցակցությունը պետք է լինի առողջ ու թափանցիկ, պետք է բացառվեն առաջ անցնելու անազնիվ մեթոդները, միմյանց աշխատանքին խոչընդոտելն ու այլ արատավոր երևույթներ։

Կարևոր է հաշվի առնել աշխատակիցների բնավորությունը, խորապես հասկանալ նրանց հոգեբանությունը, մոտիվացնող և ապամոտիվացնող գործոնները պարզել։ Այդ ամենի արդյունքում հնարավոր կլինի խուսափել բացասական հետևանքներից։ Այստեղ պետք է ուշադիր լինել այն հանգամանքին, որ ոչ բոլոր մարդկանց համար է ընդունելի մրցույթը որպես այդպիսին։ Շատերը խուսափում են շատ լարված մթնոլորից, քանի որ այն մեծ ռեսուրսներ է պահանջում։ Եթե աշխատակիցների մեծ մասը նախընտրում է հանգիստ աշխատանքային մթնոլորտն ու թիմային համախմբվածությունը, պետք է զերծ մնալ մրցակցային մոտիվացիայի ներդրումից։

Ինչպես ցույց տվեց անցած տարին, մենք կարող ենք բախվել շատ տարբեր իրավիճակների, որոնք կարծես ստուգում են մեր դիմացկունությունը։ Ուստի առանց այն էլ լարված մթնոլորտում՝ քաղաքական, պատերազմական կամ համամարդկային, պետք է ձգտել նվազեցնել սթրեսն ու ազատել աշխատակիցներին առանց դադարի մրցելու պայմաններից։

Մրցակցությունը վտանգավոր է նաև այն ընկերությունների համար, որոնց ընթացիկ խնդիրները պահանջում են թիմային աշխատանք և մոտեցում։ Մրցող անհատները ժամանակի հետ կորցնում են թիմում աշխատելու մի շարք հատկանիշներ։

Մենք դրական կողմերի մեջ նշել էինք կադրային սելեկցիան՝ նրանք, ովքեր չեն դիմանում մրցակցությանը, թույլ են և լքում են ընկերությունը։ Այս մոտեցման հետ պետք է զգույշ լինել, այն միանշանակ չէ։ Կախված ընկերության նպատակներից՝ պետք է հասկանալ, թե ինչ առանձնահատկություններով մարդիկ են պետք թիմում։ Շատ հնարավոր է, որ Ձեր ընկերության արդյունավետ զարգացման համար պետք են հանգիստ, աշխատասեր և ընկերական թիմեր, ոչ թե մրցող անհատներ։ Ինչպես մնացած բոլոր դեպքերում, այստեղ ևս այս կամ այն մոտեցումը ներդնելիս պետք է հաշվի առնել նպատակը։

Ինչպես տեսնում ենք, մրցակցությունը բարդ երևույթ է։ Այն կարող է ընկերությանը նոր բարձունքների հասցնել կամ դառնալ կործանման պատճառ։ Ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչպես մենք կօգտագործենք մրցակցությունը։ Կարծում ենք՝ որ լավագույն տարբերակը ոսկե միջինն է՝ մրցակցություն՝ հանուն գաղափարի։ Թող Ձեր ընկերության աշխատակիցները մրցեն աշխատանքը հարմարավետ դարձնելու, գործընթացները պարզեցնելու և արդյունավետ դարձնելու համար, իսկ խրախուսումը լինի ընդհանուր։ Այդպես կմեղմվի պայքարը, բայց իսպառ չի բացառվի։ Եթե աշխատակիցները հասել են նպատակին, ուրեմն հաղթել են, և հաղթել են բոլորը․ այս դեպքում հաջողությունը կարելի է նշել ընդհանուր թեթև միջոցառմամբ։ 

Կարևոր է հիշել, որ մրցակցությունն ինքնանպատակ չէ․ մենք մրցում ու պայքարում ենք եղածն ավելի լավը դարձնելու համար։ Դա է հաջողության ամենապարզ մեխանիզմը։

Կհետաքրքրեն նաև