Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Խորհուրդներ դիմորդներին

Ամփոփում ենք աշխատանքային տարին

22.12.2020 | 3039 դիտում

Ամանորյա տոներն այս տարի խիստ տարբերվելու են մեզ ծանոթ ուրախ ու անհոգ օրերից։ Քաղաքային տոնածառ ու զարդարանքներ չեն լինելու, տրամադրությունն էլ, մեղմ ասած, այն չէ, բայց բոլորս լիահույս ենք, որ տարին կտանի իր հետ այն բոլոր դժվարությունները, որոնց ականատես եղանք այս ամիսների ընթացքում։ Այս Նոր տարուն բոլորս խորապես հավատալու ենք, որ մեր երազանքը կկատարվի․ երազանքը մեկն է՝ խաղաղություն։

Եվ որքան դժվար է եղել տարին, այնքան ավելի մեծ պատասխանատվությամբ պետք է ամփոփենք այն ու կազմենք ապագայի ծրագրեր։

Ամփոփումն առանցքային դեր ունի․ դրա շնորհիվ հնարավոր է վերհանել սխալներն ու խնդիրները և դրանցից դաս քաղել՝ հետագա ծրագրերը թիրախային ու ճշգրիտ կազմակերպելու համար։

Ինչպե՞ս ճիշտ ամփոփել աշխատանաքային տարին

Ամփոփումը ճիշտ իրականացնելու համար պետք է ուշադիր լինել քայլերի տրամաբանված հերթականությանը։ Դա կօգնի կառուցել ամբողջական պատկեր։

Քայլ 1․ Վերհիշում ենք հին նպատակները

Շատ կարևոր է վերլուծել անցնող տարվա նպատակները, պարզել, թե ինչն է հնարավոր եղել իրականացնել, ինչը՝ ոչ։ Բոլոր նպատակները պետք է ունենան հստակ ձևակերպումներ, ժամկետներ, լինեն չափելի։ Եթե որոշ նպատակներ ինչ-ինչ պատճառներով չեն իրականացվել, անհրաժեշտության դեպքում դրանք պետք է ներառել նոր ծրագրի մեջ։

Քայլ 2․ Վերլուծում ենք անհատական մակարդակում

Մեծ նպատակներն իրականացնում են մարդիկ, ուստի պետք է քննարկել արդյունքներն ու ապագայի անելիքները յուրաքանչյուր աշխատակցի կամ առնվազն բաժնի հետ։ Այդպես բոլոր աշխատակիցները կտեսնեն, թե ի՞նչ ընթացք ունի նրանց աշխատանքային կյանքը։

Քայլ 3․ Սահմանում ենք նոր նպատակներ

Ըստ ամփոփման արդյունքների՝ փորձում ենք հասկանալ, թե ի՞նչն է թերի մնացել, պե՞տք է արդյոք դա ներառել հետագա ծրագրերի մեջ, թե՞ ավելի լավ է մի կողմ թողնել և առաջ շարժվել։ Նպատակները պետք է իրատեսական լինեն, մի՛ տրվեք գերնպատակներ սահմանելու գայթակղությանը, տարվա ընթացքում չստացված գործերի կրկնակի կատարմանը։ Ավելի լավ է ընտրել դանդաղ ընթացք, որը համապատասխանում է Ձեր ներուժին։

Կազմակերպում ենք վերադարձը տոներից հետո

Սրանք ամփոփման ալգորիթմներն էին։ Իսկ հիմա եկեք հասկանանք, թե ի՞նչ է պետք հաշվի առնել, որպեսզի աշխատանքի վերադարձը տոներից հետո հարթ ընթանա։

Նշենք, որ ցանկացած պարագայում, անգամ եթե մեծ տոնախմբություններ չեն եղել, որոշակի դադարից հետո վերադարձն աշխատանքին բավականին բարդ ու սթրեսային ընթացք է, քանի որ օրգանիզմը շատ արագ սովորում ու ադապտացվում է «անգործությանը» և չի ցանկանում վերադառնալ աշխատանքային տեմպին։

Ահա մի քանի խորհուրդ, որոնք օգտակար կլինեն վերադարձը կազմակերպելիս։

Տրամադրվածություն

Ինչպես տրամադրվում ենք, այդպես էլ լինելու է․ սա ներշնչանքի ամենապարզ բացատրությունն է։ Պետք չէ վատ տրամադրությամբ սպասել աշխատանքին և տխրել, որ ազատությունն ավարտվել է։ Միշտ պետք է հիշել, որ աշխատանքը բնականոն կյանքի մի մասնիկն է, նրանից ոչ մի տեղ չես փախչի, ուստի պետք է սկսել սիրել այն, ինչ անում եք։ Հակառակ դեպքում Դուք կյանքից մի մեծ դրվագ վատ էմոցիաների մեջ եք անցկացնում, իսկ դա սխալ մարտավարություն է։

Օրվա գրաֆիկ

Առաջին բանը, որ մենք անում ենք ազատ օրերին, օրվա կանոնակարգի խախտումն է․ քնում ենք ուշ, արթնանում ենք ուշ՝ խախտելով բիոռիթմերը և վատ ինքնազգացողություն վաստակելով։ Կարևոր է ամեն կերպ փորձել պահպանել օրվա գոնե մոտավոր գրաֆիկը։ Այդպես ավելի քիչ կլինեն աշխատանքի վերադառնալու ցնցումները։

Ծանրաբեռնվածություն

Հաճախ տոներից հետո աշխատանքային առաջին օրերը խիստ ծանրաբեռնված են լինում, քանի որ գործեր են կուտակվել։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է նախապես անել հնարավոր բոլոր գործերը՝ թեթևացնելով առաջին օրը, որն առանց այդ էլ ծանր է լինելու։

Սրանք պարզ, բայց փորձված խորհուրդներ են, որոնք կարող են ավելի կազմակերպված դարձնել Ձեր աշխատանքը։ Մաղթում ենք լավատեսական ամփոփումներ ու նոր աշխատանքային տարվա արդյունավետ մեկնարկ։

Կհետաքրքրեն նաև