Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Խորհուրդներ դիմորդներին

Ինչպե՞ս վերադառնալ աշխատանքի տոներից հետո

24.12.2019 | 4066 դիտում

Job.am-ը վերլուծել է այն բոլոր սխալները, որոնք խանգարում են աշխատանքի վերադառնալու բնականոն գործընթացին։

Օրվա կանոնակարգի վերականգնում առաջին բանը, որ անում ենք տոներին և որն ամենակործանարարն է լինում հետագայի համար, օրվա կանոնակարգի խախտումն է։ Նոր տարին նշելու գլխավոր բաղադրիչը ուշ քնելն է, բայց հենց դա իր հետևից է տանում ամբողջ ռիթմի խաթարումը։ 

Փորձիր սահմանափակել անհասկանալի ժամերին քնել-արթնանալը 2-3 օրով, թող դա սովորություն չդառնա ամբողջ արձակուրդի համար։ Գիշերվա 3-4-ին քնելով և կեսօրն անց արթնանալով` դու քնից չես հագենում, հակառակը, անորակ քունը կարող է շատ լուրջ հետևանքներ թողնել առողջության վրա։ 

Այդպիսի անկանոն ռեժիմից հետո աշխատանքային առաջին օրն արթնանալը մեծ սթրես է, ուստի այդ օրվան պետք է նախապես պատրաստվել. առնվազն 2-3 օր շուտ սկսիր արթանանալ քո աշխատանքային օրվա գրաֆիկին համապատասխան, դա թույլ կտա նախապատրաստել օրգանիզմը և քիչ տանջվել առաջին օրը։

Աշխատանքային կանոնակարգի վերականգնում նախապատրաստական արարողություններ պետք է անել նաև բուն աշխատանքի հետ կապված։ Ազատ օրերի ընթացքում մարդիկ հունից դուրս են ընկնում՝ հաճախ անգամ համակարգիչը չեն միացնում, և աշխատանքային առաջին օրը դառնում է բացարձակ անհասկանալի, անիմաստ ու թևաթափ անող։ 

2-3 օր առաջ ստուգիր քո աշխատանքային փոստը, թեթևակի անցիր գործնական նամակների վրայով, կարող ես նաև դասակարգել դրանք՝ հասկանալու համար, թե որոնք են հրատապ պատասխան և լուծում պահանջում, որոնցով պետք է զբաղվես աշխատավայր վերադառնալուն պես և որոնք կարող են մի քիչ սպասել։ 

Լավ տարբերակ է նաև աշխատանքի հետ կապված նյութեր կարդալը․ այդպես ուղեղը հնարավորություն կունենա անգործությունից հետո ադապտացվել աշխատանքային պրոցեսին։

Կազմ-պատրաստ աշխատանքային առաջին օրվա նախօրեին պատրաստիր հագուստդ, պայուսակդ՝ այն ամենը, ինչ քեզ պետք է գալու հաջորդ օրը։ Այդ պարզ գործողությունը ևս ծրագրում է օրգանիզմդ վերադարձին։

Կարգի բեր տունը․ տոնական օրերին շատերի տներում խառնաշփոթ է՝ գեղեցիկ սպասքը դեռ տեղավորված չէ տուփերի մեջ, տոնածառը, տան զարդարանքներն իրենց տեղում են և կարծես չեն ուզում լքել հյուրասենյակը։ Աչքի առաջ այդ իրերն ունենալով՝ դժվար է համակերպվել, որ տոներն ավարտվել են և առջևում սովորական առօրյան է։ Կարծում ենք՝ դրանք պետք է հավաքել մինչև աշխատանքին վերադառնալը։

Առաջին օրը քեզ մի ծանրաբեռնիր․ աշխատավայր գնա մի փոքր շուտ, որպեսզի կարողանաս հանգիստ մթնոլորտում մտքերդ հավաքել և տրամադրվել։ Լավ սուրճը ոչ ոք չի արգելել, պատրաստի՛ր այն և վայելիր գործընկերներիդ հետ՝ 10-15 րոպեանոց ընդմիջում անելով և ամփոփելով տոները։ Ինչպես փաստում են հոգեբանները, խոսելու, արտահայտվելու հնարավորությունը թույլ է տալիս թոթափել թեման ու այլևս դրան չվերադառնալ։ Այդպես է նաև տոնական թեմաների դեպքում՝ մի փոքր դադար առ, քննարկիր պատրաստածդ ճաշատեսակները, տաքսիների բացակայությունը և զվարճալի միջադեպերը, այնուհետև ավելի հեշտ կանցնես աշխատելուն։

Աշխատավայր գալով մի՛ նետվիր միանգամից բոլոր աշխատանքները կատարելու, քանի որ այսպես թե այնպես դա անհնար է։ Ճիշտ գնահատիր ուժերդ և ըստ դրա բաշխիր աշխատանքդ։ Առաջին հերթին կարգի բեր սեղանդ, հնարավոր է՝ նախատոնական իրարանցման ժամանակ հասցրած չլինես դեն նետել անպետք ու հնացած թղթերը, իրերը։ Դա կլինի լավագույն գործողությունը օրվա սկզբի համար։

Պլանավորիր մոտակա շաբաթվա գործերը՝ հասկանալու քո ծանրաբեռնվածությունը և որոշելու առաջնահերթությունները։


Ճիշտ տրամադրություն․ ներշնչանքն ամենամեծ զենքն է, երբեք մի՛ թերագնահատիր այն։ Պետք չէ վերաբերվել աշխատանքին այնպես, կարծես այն Դանտեի դժոխքից է (եթե իսկապես դժոխքից է, խնայի՛ր քեզ, նոր աշխատանք փնտրիր, Job.am-ը կօգնի այդ հարցում)։ Այժմ ինչ-որ չափով նորաձև է աշխատանքը չսիրելը, փորձիր հաղթահարել անվերջ դժգոհելու սովորությունը քո մեջ, չէ՞ որ ի վերջո աշխատավայրում օրվա մեծ մասն ես անցկացնում, մի՛ թունավորիր քո միջավայրը։ Քեզ դրական տրամադիրի և կզգաս, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ, ինչպես սովոր ես կարծել։

Թույլ տուր քեզ սիրել այն, ինչ անում ես, և կզգաս, որ ավելի արդյունավետ ես, ավելի որակյալ ես աշխատում։

Հետաձգիր բարդ խոսակցությունները․ մեր մյուս խորհուրդը վերաբերում է ղեկավարներին, ովքեր շատ են սիրում աշխատանքային առաջին օրով բարդ ժողովներ անել և ծանր հանձնարարություններ տալ։ Ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա, եթե ամենակարևոր խոսակցությունները մի քանի օր հետաձգես։ Թույլ տուր աշխատակիցներին տրամադրվել, մի փորձիր լինել աշխարհի ամենախիստ ղեկավարը։ Չէ՞ որ ամենաբարի տոները հենց նոր են ավարտվել։

Այս խորհուրդները կմեղմեն աշխատանքին վերադառնալու ընթացքը, կարևորը հիշիր, որ վաղ թե ուշ պետք է վերադառնաս ակտիվ աշխատանքին։ Եվ ավելի լավ է վաղ, քանի որ ըստ վիճակագրության՝ աշխատանքից ամենաշատը հեռացնում են հունվար ամսին։

Job.am-ը մաղթում է թեթև վերադարձ աշխատանքային առօրյային։

Կհետաքրքրեն նաև