Այս հարցերին դժվարանում են պատասխանել նույնիսկ ամենափորձառու թեկնածուները
Հարցազրույցի ընթացքում ձեզ կարող են տալ հարցեր, որոնք պահանջում են ավելի մտածված պատասխաններ: Նման հարցերը կարող են տարբեր լինել՝ կապված ոլորտի հետ, սակայն կան մի քանիսը, որոնք գործատուները սովորաբար տալիս են՝ թեկնածուի մասին ավելին իմանալու և նրա հիմնական հմտությունները գնահատելու նպատակով:
Մեր այսօրվա բլոգում կանդրադառնանք մի քանի հարցերի, որոնց դժվարանում են պատասխանել անգամ այն թեկնածուները, ովքեր մասնակցել են բազմաթիվ հարցազրույցների։ Կդիտարկենք նաև օրինակներ, որոնք կօգնեն ձեզ ավելի լավ պատրաստվել հարցազրույցին:
Ո՞րն է ձեր ամենամեծ թույլ կողմը
Գործատուները հաճախ կարող են հարցնել ձեր թույլ կողմերի մասին ոչ միայն հասկանալու համար, թե որքանով եք համապատասխանում աշխատանքի պահանջներին, այլև ինչպես եք աշխատում դրանք բարելավելու ուղղությամբ: Պատասխանելիս անկեղծ եղեք և կիսվեք կոնկրետ օրինակներով, թե ինչպես եք քայլ առ քայլ ձեր թույլ կողմերը վերածում ուժեղի:
Օրինակ. «Իմ հիմնական թույլ կողմը կառուցողական քննադատության կարողությունն է: Նախկինում ես շատ էի մտածում, թե ինչպես գնահատել թիմակիցների աշխատանքը՝ չնեղացնելով նրանց՝ միաժամանակ հասկանալով, թե որքան կարևոր է օբյեկտիվ հետադարձ կապը թե՛ աշխատանքի և թե՛ թիմի համար։ Ես սկսեցի գրի առնել իմ կարծիքը՝ մինչ թիմակցի հետ այն կիսելը։ Սա օգնում է ինձ պլանավորել իմ պատասխանը և առաջարկել ավելի կառուցողական հետադարձ կապ»։
Ինչո՞ւ եք հեռանում ներկայիս աշխատանքից
Այս հարցին պատասխանելիս պետք է հիմնավորեք, թե ինչու եք նոր աշխատանքի հնարավորությունը համարում ձեր հմտություններին ավելի համապատասխան։
Գործատուն այս հարցի միջոցով նաև ցանկանում է համոզվել, որ հեռանալու պատճառը ձեր կատարողականի կամ վարքագծի մեջ չէ: Հարցին պատասխանելիս ձեռնպահ մնացեք չափազանց բացասական մանրամասներ ներկայացնելուց:
Օրինակ. «Չնայած ես բարձր եմ գնահատում իմ աշխատանքը նախորդ ընկերությունում, սակայն այնտեղ այլևս չկային մասնագիտական աճի հնարավորություններ, որոնք համահունչ էին իմ կարիերայի նպատակներին: Այս պաշտոնը հիանալի կերպով համընկնում է իմ հմտությունների հետ, և այն հնարավորություններ է տալիս առաջիկա մի քանի տարիների ընթացքում կարիերայի առաջընթացի համար»:
Ինչո՞ւ եք ուզում հենց մեր ընկերությունում աշխատել:
Այս հարցը կարող է հատկապես կարևոր լինել, եթե դուք փոխում եք ձեր հիմնական ոլորտը: Հարցին պատասխանելիս նշեք, թե հատկապես ինչն է ձեզ գրավում ընկերությունում, լինի դա նրանց առաքելությունը թե նորարարական նախագծերը։
Օրինակ. «Ես փնտրում եմ աշխատանք այնպիսի ընկերությունում, որտեղ նորարարությունը կարևոր ուղղություններից մեկն է, իսկ ձեր ընկերությունն աչքի է ընկնում ոլորտում առաջատար տեխնոլոգիաների կիրառմամբ»:
You may like