Get our free app. It won't take up space on your device
խորհուրդներ դիմորդներին

Արդյունավետ նեթվորքինգի կանոններ, որոնք կօգնեն աշխատանք փնտրելիս

8/7/2024 | 3381 views

Նեթվորքի կամ մասնագիտական համայնքի մի մասը լինելն ընձեռում է աշխատանք փնտրելու լրացուցիչ հնարավորություններ։ Ընդլայնելով ձեր մասնագիտական ​​շփումները՝ ոչ միայն կծանոթանաք ձեր ոլորտում նոր զարգացումներին, կներգրավվեք մասնագիտական քննարկումների մեջ, այլև կկարողանաք բացահայտել աշխատանքի նոր հնարավորություններ:

 

Որո՞նք են արդյունավետ նեթվորքինգի կանոնները և ինչպե՞ս դառնալ մասնագիտական ցանցի անդամ․ այս մասին է մեր այսօրվա բլոգը։

 

 

Սկսեք նպատակների սահմանումից

Հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչ եք փնտրում այն մասնագիտական հանրության շրջանակներում, ուր ցանկանում եք մուտք գործել: Նախատեսո՞ւմ եք կապ հաստատել կոնկրետ ապագա գործատուի հետ: Ցանկանո՞ւմ եք հանդիպել նոր մենթորի հետ, ով կարող է աջակցել կարիերայի ուղղորդման հարցում: Ցանկանո՞ւմ եք ընդլայնել ոլորտում ծանոթ մասնագետների ցանկը։ Սահմանելով հստակ նպատակ՝ ավելի կառուցողական կլինեք ձեր շփումներում և ձեզ համար կարևոր և նպատակային հարցեր կկարողանանք տալ։

 

 

Մի մոռացեք ընկերների մասին

Շփումն այն մարդկանց հետ, ում ճանաչում ենք, միշտ ավելի հաճելի է, չէ՞ որ չկա ավելորդ անհանգստություն և լարվածություն, որը կարող է լինել նոր զրուցակցի հանդիպելիս։ Քննարկեք ընկերների հետ նրանց կարիերայի ուղիները և ոլորտում ընտրության հնարավորությունները: Ձեր զրույցը կենտրոնացնելով նրանց մասնագիտական ​​փորձի վրա՝ կբացահայտեք նոր հեռանկարներ և գաղափարներ ձեզ համար: Միգուցե ձեր նոր մասնագիտական ուղին հենց այն կազմակերպությունում սկսելու հնարավորություն ունենաք, որտեղ այժմ ձեր ընկերներն են աշխատում։

 

 

Մասնակցեք միջոցառումների և ծանոթացեք նոր մարդկանց հետ 

Թեև առցանց հարթակում նեթվորքինգը ևս հզոր գործիք է, բայց դեմ առ դեմ շփումն անփոխարինելի է: Ոլորտային միջոցառումների ընթացքում կհանդիպեք ոլորտի ներկայացուցիչների, հավաքագրողների և նոր աշխատակիցներ փնտրող ընկերությունների։ Պահպանեք կապը նոր ծանոթների հետ սոցիալական ցանցների միջոցով։ Ոլորտի զարգացումներից և նոր պահանջներից մինչև բովանդակալից անհատական ​​զրույցներ․ ահա այն կարևոր հնարավորությունները, որոնք կունենաք այցելելով մասնագիտական միջոցառումների։

 

 

Կառուցեք նեթվորքի մատրիցա

Թիրախավորեք այն ընկերությունները, որոնցով հետաքրքրված եք, և փնտրեք մարդկանց, ովքեր աշխատում են այնտեղ։ Կառուցեք «Ով + Որտեղ» մատրիցա՝ ով է անձը և որտեղ է աշխատում։ Բազմաթիվ ընկերություններում աշխատակիցները ստանում են բոնուս՝ նոր թեկնածուի ուղղորդելու համար։ Այդպիսով նոր ծանոթությունը կարող է շահավետ լինել թե՛ ձեր և թե՛ ընկերության աշխատակցի համար։

 

 

Հետևողական եղեք

Միջոցառումներից հետո հետևողական եղեք կապը պահպանելու գործում։ Փոխանակվեք կոնտակտային տվյալներով, փորձեք գտնել նոր ծանոթներին այնպիսի սոցիալական ցանցներում, ինչպիսին LinkedIn-ն է։

 

Նեթվորքի կառուցումը և ընդլայնումը բարձրացնում է ձեր՝ որպես թեկնածուի տեսանելիությունը ոլորտում։ Հարաբերություններ կառուցեք այն մարդկանց հետ, ովքեր բանիմաց են և կարող են առաջնորդել և օգնել ձեզ:

 

You may like