Get our free app. It won't take up space on your device
խորհուրդներ դիմորդներին

Ինչպե՞ս գտնել աշխատանք․ խորհուրդներ Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին

10/17/2023 | 8134 views

Արցախից տեղահանվելու արդյունքում մեր հազարավոր հայրենակիցները ստիպված եղան ապաստան փնտրել մայր հայրենիքում։ Հասկանալի է, որ մեր քույրերն ու եղբայրները դեռ ուշքի չեն եկել այն արհավիրքից, որի պատճառով ստիպված եղան հապճեպ լքել իրենց բնակավայրերը։ Նրանց համար նոր կյանք սկսելու պայմանների ապահովումն այսօր առաջնային անհրաժեշտություն է։ Աշխատանքը թույլ կտա նրանց ոչ միայն ֆինանսական կայունության ապահովման ուղղությամբ քայլեր ձեռնարկել և ստեղծել կենսական անհրաժեշտ պայմաններ, այլև կօգնի սոցիալականացվել նոր միջավայրում։

 

Ինչպե՞ս սկսել աշխատանքի որոնումները և ինչպիսի՞ ռեսուրսներ են առկա, որոնք նպատակ ունեն աջակցելու մեր հայրենակիցներին այդ գործում։ Այս մասին է մեր այսօրվա բլոգը, որում կկիսվենք մի քանի խորհուրդներով, որոնք կուղղորդեն մեր հայրենակիցներին աշխատանք որոնելու գործընթացում։

 

Ստեղծեք կամ վերանայեք ձեր ռեզյումեն

Ռեզյումեն հաճախ առաջին ծանոթությունն է պոտենցիալ գործատուի հետ: Այն ծառայում է որպես ձեր հմտությունների, փորձառությունների և որակավորումների վերաբերյալ փաստաթուղթ, որի հիման վրա գործատուն պետք է որոշում կայացնի՝ դիտարկել ձեր թեկնածությունն այս կամ այն հաստիքի համար, թե ոչ։ 

 

Ռեզյումե կազմելիս ամենակարևոր խնդիրներից մեկն այն համապատասխանեցնելն է այն հաստիքի պահանջներին, որին դիմում եք։ Ընդգծեք այն հմտություններն ու փորձը, որոնք առավելագույնս համապատասխանում են տվյալ աշխատանքին: Ձեր ռեզյումեն վերանայելիս համոզվեք, որ ներկայացրել եք այն ձեռքբերումները, որոնք ունեցել եք նախկին աշխատավայրերում։

 

Մինչ գործատուին ռեզյումե ուղարկելը համոզվեք, որ ներառել եք բոլոր անհրաժեշտ բաժինները։ Եվս մեկ անգամ ստուգեք՝ արդյո՞ք ներառել եք ձեր աշխատանքային փորձի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, նշե՞լ եք կրթության և հմտությունների մասին, գուցե աշխատանքում, որին դիմում եք, կարևոր է օտար լեզուների իմացությունը, նշե՞լ եք, թե ինչ լեզուների եք տիրապետում և ինչ մակարդակով։

 

Ծանոթացեք ավելի լավ ռեզյումե կազմելու վերաբերյալ մեր նախորդ բլոգներից մեկին և ձեր ռեզյումեն կազմելիս հաշվի առեք այն քայլերը, որոնց անդրադարձել ենք այդ նյութում։

 

 

Դասընթացների մասնակցեք

Հաճախ այս կամ այն հաստիքի համար դիմելուց մեզ ետ է պահում որոշակի հմտությունների պակասը։ Այսօր բազմաթիվ կրթական կենտրոններ պատրաստ են իրենց կողմից անցկացվող դասընթացներին անվճար մասնակցության հնարավորություն ընձեռել Արցախի մեր հայրենակիցներին։ Մի քանի ամիս տևող դասընթացները սովորաբար տալիս են հիմնային գիտելիքների այն պաշարը, որն անհրաժեշտ է աշխատանքի սկզբնական փուլում։ Օգտվելով դասընթացների մասնակցելու հնարավորությունից՝ կկարողանաք արագ ստանալ այն հիմնական գիտելիքները և հմտությունները, որոնք թույլ կտան մրցունակ աշխատանք գտնել։

 

Հետաքրքրվեք ձեր բնակավայրում գտնվող կրթական կենտրոններով, ուսումնասիրեք սոցիալական ցանցերում առկա նրանց էջերը։ Եթե այս կամ այն կրթական կենտրոնը պատրաստ է անվճար դասընթացներ իրականացնել արցախցիների համար, ապա այդ մասին, ամենայն հավանականությամբ, սոցցանցերում համապատասխան հրապարակում կգտնեք։

 

Հաշվի առնելով, որ մայրաքաղաքում ավելի մեծ թվով կրթական կենտրոններ են գործում, ուսումնասիրեք նաև նրանց առաջարկներն արցախցիների համար, եթե անգամ ներկայումս մարզում եք բնակվում, քանզի գուցե հնարավոր լինի ուսուցումը կազմակերպել նաև հեռավար տարբերակով։


Փնտրեք խորհրդատվություն

Մարդկային ռեսուրսների կառավարման կադրեր պատրաստող տարբեր կրթական կենտրոններ և անհատ մասնագետներ պատրաստ են անվճար խորհրդատվություն տրամադրել Արցախի մեր հայրենակիցներին։ Փնտրեք նրանց հատկապես Լինքդին սոցիալական ցանցում։ Եթե անգամ նրանց էջում չգտնեք համապատասխան գրառում այն մասին, որ պատրաստ են աջակցել աշխատանք փնտրող արցախցիներին, ամեն դեպքում փորձեք նամակի միջոցով կապ հաստատել և տեղեկանալ, թե արդյոք կարող եք մասնագիտական ուղղորդում ստանալ նրանց կողմից։ Մինչ մասնագետի հետ կապ հաստատելը հստակեցրեք այն բոլոր հարցերը, որոնք ձեզ հետաքրքրում են և որոնց հետ կապված տեղեկատվության կամ ուղղորդման կարիք ունեք։ 

 

Անդամակցեք առցանց համայնքների

Այս դեպքում ուշադրություն դարձրեք սոցիալական ցանցերին։ Հաշվի առեք յուրաքանչյուր սոցիալական հարթակի առանձնահատկությունները, և կիրառեք արդյունավետ մոտեցումներ։ Օրինակ, եթե Ֆեյսբուքում արդյունավետ են թեմատիկ խմբերը, ապա Լինքդինում օգտակար կարող է լինել մասնագիտական ցանցի ընդլայնումը։ Ներկայումս կան բազմաթիվ ֆեյսբուքյան խմբեր և տելեգրամյան ալիքներ, որոնք ստեղծվել են Արցախի մեր հայրենակիցներին աշխատանք գտնելու հարցում աջակցելու նպատակով։ Փնտրեք դրանք և միացեք։ Ոչ միայն ծանոթացեք խմբերում տեղադրված առաջարկներին, այլև ներկայացեք ինքներդ, հակիրճ նշեք, թե ինչպիսի փորձ և կրթություն ունեք և ինչ աշխատանք եք փնտրում։ 

 

Ակտիվացեք Լինքդինում։ Նախ վերանայեք ձեր էջը և համոզվեք, որ պատշաճ կերպով լրացրել եք ձեր մասին անհրաժեշտ տեղեկատվությունը։ Սա կարող է որոշակի ժամանակ պահանջել, սակայն անհրաժեշտ քայլ է, եթե որոշել եք աշխատանք որոնելու հարցում օգտագործել նաև ամենամեծ պրոֆեսիոնալ ցանցի՝ Լինքդինի ընձեռած հնարավորությունները։ Կապ հաստատեք ձեր ոլորտում աշխատող մասնագետների հետ։ Տեղեկացրեք համայնքին, որ աշխատանք եք փնտրում՝ օգտագործելով #OpenToWork գործառույթը։ Կանաչ ժապավենը, որը կհայտնվի ձեր պրոֆիլի նկարի շուրջ, կգրավի գործատուների ուշադրությունը՝ իրազեկելով, որ աշխատանք եք փնտրում։

 

Հետևեք պետական կառույցների հայտարարություններին

Պետական աջակցության ծրագրերի շրջանակներում ներկայումս քայլեր են ձեռնարկվում տեղահանված մեր հայրենակիցներին նաև աշխատանք գտնելու հարցում աջակցելու ուղղությամբ։ Հետևեք պետական կառույցների կողմից իրականացվող ծրագրերին և թարմացումներին, մասնավորապես ուշադրության կենտրոնում պահեք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հայտարարությունները։

 

Նախարարության պաշտոնական կայքէջում կարող եք ծանոթանալ այս պահին Հանրապետության մայրաքաղաքում և տարբեր մարզերում առկա շուրջ 5000 թափուր հաստիքներին։ Այս ցանկը պարբերաբար թարմացվում է, հայտնվում են հայտարարություններ՝ նոր թափուր հաստիքների վերաբերյալ։

 

 

Մասնակցեք տոնավաճառների, կապեր հաստատեք

Մասնակցեք այնպիսի միջոցառումների, որոնց նպատակը արցախցի մեր հայրենակիցներին աշխատանք որոնելու հարցում աջակցելն է։ Բաց մի թողեք աշխատանքի տոնավաճառների մասնակցելու հնարավորությունը։ Օրինակ, հոկտեմբերի 31-ին կայանալիք Artsakh Career Expo աշխատանքի տոնավաճառը լավ առիթ է ոչ միայն պոտենցիալ գործատուների հանդիպելու և աշխատանքի հնարավորություն գտնելու համար, այլև այնպիսի կապեր հաստատելու, որոնք կօգնեն հետագայում ձեզ հարմար զբաղվածություն գտնել։ 

 

Աշխատանքի տոնավաճառների ընձեռած հնարավորություններին, դրանց մասնակցելու համար անհրաժեշտ նախապատրաստական քայլերին և գործատուների հետ հանդիպման ընթացքում և դրանից հետո ձեռնարկվելիք քայլերին կանդրադառնանք շատ շուտով մեր հաջորդ բլոգում։

 

Հետևեք Job.am-ի թարմացումներին

Մշտապես թարմացվող մեր կայքէջում կարող եք տեղեկանալ նոր հաստիքների մասին։ Մենք ստեղծել ենք մի շարք գործիքներ, որոնք հնարավորինս հեշտ և հարմար են դարձնում նոր աշխատատեղերի մասին տեղեկանալու և դիմելու գործընթացները։

 

Ակտիվացնելով ծանուցումների գործառույթը՝ ձեր էլեկտրոնային հասցեին կստանաք նոր հայտարարությունների վերաբերյալ ծանուցումները։ Ծանուցումներն ակտիվացնելիս կարող եք ընտրել ձեզ հետաքրքրող ոլորտները կամ բաժանորդագրվել այն կազմակերպություններին, որոնցում առկա թափուր հաստիքների մասին կցանկանայիք տեղեկանալ։

 

 

Job.am-ում դյուրին է նաև աշխատանքի համար դիմելու գործընթացը։ Պարզապես կոճակի մեկ սեղմումը բավական է, որպեսզի ուղարկեք ձեր ռեզյումեն նախընտրած հաստիքի համար։ Ընդամենը մի քանի րոպեում գրանցվելով կայքում՝ կարող եք ինչպես ներբեռնել ձեր արդեն պատրաստ ռեզյումեն, այնպես էլ հենց կայքում ստեղծել նորը՝ ընտրելով մեր առաջարկած ձևանմուշներից մեկը։ Job.am-ում բացված ձեր անձնական էջում հնարավորություն ունեք ստեղծել 3 ռեզյումե՝ տարբեր հաստիքների դիմելիս ընտրելով այն մեկը, որն առավելագույնս է համապատասխանում տվյալ աշխատանքի պահանջներին։ Հավելենք նաև, որ, գրանցվելով հարթակում, կարող եք հետևել ձեր դիմումի ընթացքին և իմանալ, թե արդյոք գործատուն այն դիտել է։

 

Հավելենք, որ մեր հարթակում առկա է նաև ուղեկցող կամ մոտիվացիոն նամակ կցելու հնարավորություն այն հաստիքների համար, որոնց դեպքում գործատուն կուզենար նաև ծանոթանալ աշխատանքի նկատմամբ ձեր հետաքրքրվածության պատճառների մասին։ Մի անտեսեք այս բաժինը և հակիրճ հիմնավորեք ձեր հետաքրքրվածությունը հաստիքի նկատմամբ, ինչպես նաև ընդգծեք այն գիտելիքների և հմտությունների առկայությունը, որոնք ձեզ դարձնում են լավագույն թեկնածուն տվյալ աշխատանքի համար։

 

Աշխատանք փնտրելու գործընթացը բարդ է և երբեմն ավելի երկարատև, քան կարող է թվալ։ Այն առավել բարդ է մեր հայրենակիցների համար, ովքեր գտնվում են հոգեբանորեն ճնշված վիճակում։ Ամիսներ շարունակ զրկանքներ և կորուստներ կրած, ապա տեղահանված մեր հայրենակիցների համար վերականգնվելը ժամանակ է պահանջելու։ Աշխատանքն այն հնարավորությունն է, որն օգնելու է վերագտնել կենսական ուժերը և շարունակել ապրել և արարել։ Job.am-ը միշտ պատրաստ է աջակցել Արցախից մայր հայրենիք եկած մեր քույրերին և եղբայրներին աշխատանք որոնելու հարցում։ Գրանցվեք կայքէջում և հետևեք մեզ սոցիալական ցանցերում՝ նոր հաստիքների մասին տեղեկանալու նպատակով և մի հապաղեք հարցերի դեպքում կապ հաստատել մեզ հետ։

 

You may like