Get our free app. It won't take up space on your device
Խորհուրդներ գործատուներին

Job.am-ի AI օգնականը՝ նոր հնարավորություն գործատուների համար

5/22/2023 | 25280 views

Աշխատանքի առաջարկ, որին շատերը սպասում էին, և ահա ձեր կազմակերպությունը հրապարակում է թափուր հաստիքի վերաբերյալ հայտարարությունը։ Դժվար չէ ենթադրել, որ կստանաք բազմաթիվ ռեզյումեներ՝ ամենատարբեր հմտություններ ունեցող անձանցից։ Դիտարկել յուրաքանչյուր ռեզյումեն, հասկանալ, թե որքանով են դրանք համապատասխանում աշխատանքի պահանջներին, բազմաթիվ դիմորդների շարքից առանձնացնել նրանց, ում մասնագիտական փորձը և հմտությունները բավարարում են հաստիքի պահանջներին, միաժամանակ ուշադրություն դարձնել, որպեսզի ինչ-ինչ վրիպումների կամ սխալների պատճառով իսկապես տաղանդավոր թեկնածուները չանտեսվեն։ Համաձայնեք՝ սպասվում է երկարատև և մանրակրկիտ գործընթաց։

 

Ժամանակակից զարգացած թվային տեխնոլոգիաների դարաշրջանում ռեզյումեների հետ աշխատելու նման մոտեցումն այլևս արդիական և արդյունավետ չէ։ Այժմ կան տեխնոլոգիական մոտեցումներ, որոնք ռեզյումեների դիտարկումը դարձնում են արագ և նպատակային։ Այդպիսի գործիքներից է Job.am-ի արհեստական բանականությամբ հզորացված օգնականը։ 

 

Պարզեցնելով ռեզյումեների վերանայման գործընթացը՝ այն ոչ միայն օգնում է ժամանակ խնայել, այլև հավաքագրումը կազմակերպել հնարավորինս արդյունավետ՝ օգնելով ըստ տվյալ հաստիքի համապատասխանության գնահատել բազմաթիվ թեկնածուների դիմումները։ 

 

Ինչպե՞ս է դա հաջողվում արհեստական բանականությամբ հզորացված համակարգին, ի՞նչ առավելություններ է տալիս նման գործիքի կիրառումը և ինչպե՞ս օգտվել Job.am-ի AI օգնականից։ Այս հարցերի պատասխանները՝ մեր այսօրվա բլոգում։

 

Խնայելով գործատուի ժամանակը

Ամենակարևոր առավելություններից մեկը, որը տալիս է AI օգնականը, ռեզյումեի վերանայման փուլն արագ իրականացնելն է՝ խնայելով հավաքագրման մասնագետների ժամանակը և հնարավորություն տալով այն օգտագործել այլ՝ ավելի կարևոր փուլերի համար։

 

Հիմք ընդունելով աշխատանքի նկարագրությունը և հիմնական պահանջները՝ Job.am-ի AI օգնականը վերլուծում է տեղեկատվությունը և նշում յուրաքանչյուր թեկնածուի համապատասխանության աստիճանը տվյալ թափուր հաստիքի համար։  Համակարգը թույլ է տալիս պատկերացում կազմել, թե քանի տոկոսով է տվյալ ռեզյումեն համապատասխանում հաստիքի պահանջներին։ Ոչ միայն տոկոսները, այլև դրանց գունավորումը վիզուալ կերպով հստակորեն ցույց են տալիս, թե ովքեր են թափուր հաստիքի համար լավագույն թեկնածուները․ կարմիր գույնը կհուշի տվյալ աշխատանքի համար թեկնածուի պակասող փորձի և հմտությունների մասին, իսկ դեղինը և կանաչը ազդանշաներ են, թե որ ռեզյումեներում փնտրեք ձեր ապագա թիմակցին։

 

Այսպիսով, այլևս հարկավոր չէ ծախսել ժամեր, գրասեղանը լցնել բազմաթիվ ռեզյումեներով կամ ներբեռնել և թերթել էլեկտրոնային ռեզյումեները։ AI օգնականի շնորհիվ ավտոմատացնելով ռեզյումեների նախնական դիտարկման գործընթացը՝ պատկերացում կկազմեք ձեզ դիմած թեկնածուների համապատասխանության ընդհանուր մակարդակի մասին՝ միայն մեկ հայացք գցելով ներկայացրած արդյունքներին։

 

 

Ավելին, քան ժամանակի խնայումը

Ռեզյումեների վերանայման գործընթացն արագացնելը  AI օգնականի թեև կարևոր, սակայն միակ առավելությունը չէ։ 

 

Հավաքագրման գործընթացը կարող է երկարատև լինել։ Հաճախ բազմաթիվ թեկնածուներից մեկ կամ մի քանի մասնագետի ընտրելը և նրանց աշխատանքի առաջարկ ներկայացնելը կարող է ձգձգվել՝ պայմանավորված տարբեր պատճառներով։ Մինչ դուք լրացուցիչ ժամանակ եք տրամադրում հավաքագրման գործընթացին, հաստիքի համար դիմած թեկնածուները սպասում են ձեր պատասխանին՝ դրական թե բացասական, կարևոր է ժամանակին իրազեկել նրանց։ 

 

Այս հարցում ևս AI օգնականը կարող է օգտակար լինել։ Արագ գնահատելով ռեզյումեները և հստակեցնելով, այն թեկնածուների ցանկը, ում որակավորումները և փորձը չեն համապատասխանում հաստիքի պահանջներին, կարող եք առանց ժամանակ կորցնելու նրանց իրազեկել մերժման մասին, իսկ մյուս թեկնածուներին ծանուցել, որ հայտերը դեռ դիտարկման փուլում են։

 

Աշխատակիցների ընտրությունը կազմակերպությունների համար ամենաբարդ և պատասխանատու գործընթացներից մեկն է։ Որոշակի գործընթացների ավտոմատացման շնորհիվ խնայելով ձեր ժամանակը և ջանքերը՝ կարող եք դրանք օգտագործել հավաքագրման ավելի կարևոր և ռազմավարական նշանակություն ունեցող փուլերի վրա կենտրոնանալու նպատակով։

 

Գնահատում՝ առանց կողմնակալության

Հավաքագրման գործընթացում առկա բազմաթիվ մարտահրավերներից մեկը կողմնակալությունը է, որը կարող է ազդել ճիշտ որոշումների կայացման վրա: Կողմնակալության գիտակցված և ենթագիտակցական դրսևորումները կարող են հանգեցնել ոչ արդյունավետ որոշումների կայացման, ինչի արդյունքում կարող եք բաց թողնել լավագույն մասնագետներին թիմում ընդգրկելու հնարավորությունը։

 

Կողմնակալության գործոնի նվազեցման գործում ևս AI օգնականները կարող են օգտակար լինել մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների համար։ Հիմնվելով թեկնածուների կողմից տրամադրված տեղեկատվության վրա՝ AI օգնականներն օբյեկտիվորեն գնահատում են թեկնածուների որակավորումները, հմտությունները և փորձը։ Տվյալների վրա հիմնված և սուբյեկտիվ գործոնների ազդեցությունը բացառող գնահատման այս գործընթացը վերացնում է կողմնակալության ռիսկը, ինչից խուսափելը գրեթե անհնար է մասնագետների կողմից ռեզյումեների վերանայման գործընթացում: 


 

AI օգնականի դերը՝ հավաքագրման ռազմավարությունների բարելավման գործում

 

AI օգնականի գնահատականները ոչ միայն առանձին ռեզյումեների դիտարկման համատեքստում են կարևոր, այլև՝ ընդհանուր պատկեր ստանալու առումով։ Օգտագործելով AI օգնականի գնահատումները՝ պատկերացում կկազմեք, թե ընդհանուր առմամբ ինչպիսի փորձ և հմտություններ ունեցող մարդիկ են հետաքրքրված ձեր առաջարկած հաստիքներով և ձեր կազմակերպությունում աշխատելու հեռանկարով։ Գուցե կան որոշակի հմտություններ, որոնք կարևոր են, սակայն պակասում են ձեզ դիմող թեկնածուների մեծ մասի մոտ։ Նման տեղեկատվությունը կօգնի ձեզ բարելավել հավաքագրման գործընթացը և հաջորդ անգամ ավելի նպատակային և թիրախային կերպով կազմակերպել տաղանդների որոնումը։

 

 

Ինչպե՞ս է աշխատում Job.am-ի AI օգնականը

Job.am-ի AI օգնականից կարող են օգտվել կայքում գրանցված գործատուները, ովքեր հավաքագրումը կազմակերպում են՝ մեր կայքում տեղադրելով աշխատանքի  իրենց հայտարարությունը։ Թեկնածուների կողմից ուղարկված ռեզյումեներից յուրաքանչյուրի կողքին գտնվող կապույտ շրջանակը սեղմելով՝ կտեսնեք արհեստական բանականությամբ հզորացված համակարգի գնահատականը ռեզյումեին։ 

 

Թեկնածուի փորձի և հմտությունների վերաբերյալ ռեզյումեում ներկայացված տեղեկատվության և աշխատանքային նկարագրի համեմատության և վերլուծության արդյունքում ներկայացված տոկոսային գնահատականը, սակայն, բավարար չէ, որպեսզի գործատուն կարողանա տեղեկացված որոշում կայացնել։ Այդ պատճառով մեր համակարգը թույլ է տալիս տեսնել նաև մանրամասներ՝ կապված թեկնածուի հիմնական որակավորումների և հմտությունների հետ։ Այդպիսով համակարգը «հիմնավորում» է այն տոկոսային գնահատականը, որը տալիս է ռեզյումեին։

 

Այս հակիրճ և հստակ հուշումները հնարավորություն են ընձեռում գործատուին չապավինել միայն ներկայացված տոկոսային գնահատականին։ Տիրապետելով տեղեկատվությանը, թե թեկնածուին ինչպիսի հմտություններ են պակասում, գործատուն կարող է որոշել՝ դիտարկե՞լ դիմորդի թեկնածությունը, թե՞ ոչ։ Միգուցե տվյալ փուլում թեկնածուի մոտ պակասող հմտություններն այնքան էլ էական չեն գործատուի համար, հետևաբար որոշում կայացվի նրա հետ հանդիպել հավաքագրման հաջորդ փուլում։

 

Հավելենք նաև, որ եթե հաստիքի համար դիմումներ ստացել եք ոչ միայն Job.am-ի հարթակում, այլև օրինակ, ձեր կազմակերպության էլեկտրոնային հասցեին, սակայն ցանկանում եք այդ ռեզյումեները ևս գնահատել AI օգնականի օգնությամբ, ապա կարող եք դա անել՝ հարթակ ներբեռնելով ձեզ մոտ առկա ռեզյումեները։ Պարզապես սեղմեք «Ավելացնել դիմորդ» կոճակը և ներբեռնեք ռեզյումեները։


 

Խորհուրդներ հավաքագրողներին՝  AI օգնականներ կիրառելիս

 

Թվային տեխնոլոգիաներն արդյունավետ են ճիշտ կիրառության դեպքում։ Կարևոր է հասկանալ, թե ինչպես է հարկավոր հավասարակշռել տեխնոլոգիաների հնարավորությունները և մարդկային գործոնի նշանակությունը։ Ներկայացնում ենք մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն հավաքագրման գործընթացում AI օգնականից օգտվող մասնագետներին, օգտագործելով սեփական փորձը և արհեստական բանականությամբ հզորացված այս համակարգերի հնարավորությունները, առավելագույնի հասցնել հավաքագրման գործընթացի արդյունավետությունը։

 

✓ Գնահատեք AI օգնականի հնարավորությունները։ Ժամանակ տրամադրեք՝ AI օգնականի գործառույթներին և առանձնահատկություններին ծանոթանալու համար: Հասկացեք, թե ինչպես և ինչ չափանիշների հիման վրա են գնահատվում ռեզյումեները։ 

 

✓ AI օգնականի արդյունավետությունն առավելագույնի հասցնելու համար սահմանեք աշխատանքի հստակ պահանջներ՝ հաստիքի համար անհրաժեշտ հմտությունները, որակավորումները և փորձը նշելիս: Այս պարզությունը AI օգնականին թույլ կտա ավելի ճշգրիտ գնահատականներ տալ, իսկ ձեզ՝ բացահայտել լավագույն թեկնածուներին:

 

✓ Թեև AI օգնականները պատկերացում են տալիս ռեզյումեների համապատասխանության մասին, սակայն ստուգեք նրանց գնահատականները: Ինքներդ դիտարկեք ռեզյումեները և համեմատեք AI օգնականի գնահատականների հետ։ Դա նաև ձեզ կօգնի ավելի լավ պատկերացնել AI օգնականի աշխատանքը։

 

✓ Մի՛ մոռացեք մարդկային գործոնի մասին։ Մինչ AI օգնականներն ավտոմատացնում են հավաքագրման գործընթացի որոշ հատվածներ, արդյունավետ հավաքագրման համար հարկավոր է դրանք լրացնել ձեր մասնագիտական փորձի և դատողության հիման վրա կայացված որոշումներով։

 

✓ Վերաբերվեք AI օգնականին որպես ձեզ աջակցող համակարգի։ Այն չի կարող ձեզ փոխարինել, սակայն կարող է աջակցել՝ արագացնելով և պարզեցնելով մի շարք գործընթացներ, օգնելով նկատել թեկնածուի հմտությունների վերաբերյալ կարևոր տեղեկատվություն, որը, հնարավոր է, բաց թողնեիք։

 

✓ Նկատի ունեցեք, որ հաճախ AI օգնականների կողմից տրված տոկոսային գնահատականը կարող է ռեզյումեի իրական համապատասխանությունից ցածր լինել։ Պատճառը կարող են ռեզյումեներում տեղադրված նկարները և գրաֆիկական պատկերները լինել։ Նման դեպքերում, եթե տեսնում եք AI օգնականի կողմից տրված խիստ ցածր գնահատական, ապա հաշվի առեք, որ դա ոչ միայն կարող է նշանակել, որ թեկնածուն ընդհանրապես չի համապատասխանում աշխատանքին, այլև կարող է պայմանավորված լինել տեխնիկական գործոններով։ 

 

Այսպիսով, AI օգնականը կարող է ձեր անփոխարինելի «գործընկերը» դառնալ հավաքագրման վաղ փուլում՝ արագ վերլուծելով ցանկացած քանակի ռեզյումեներ և առանձնացնելով հաստիքի համար լավագույն թեկնածուներին։ AI օգնականն արդյունավետ է հատկապես այն դեպքում, երբ գործ ունեք ռեզյումեների մեծ քանակի և միաժամանակ սուղ վերջնաժամկետների հետ։ Այս դեպքում առանց AI օգնականի մեծանում է ժամանակը ոչ նպատակային ծախսելու և ամենահարմար թեկնածուներին չբացահայտելու ռիսկը:

 

Ինչպես ցանկացած նորագույն տեխնոլոգիա, այնպես էլ AI օգնականները կիրառության մեջ ավելի են կատարելագործվում։ Job.am-ը շարունակաբար վերանայում է AI օգնականի աշխատանքի արդյունքները, կատարում թարմացումներ և բարելավումներ՝ հավաքագրման գործընթացում ձեզ առավելագույնս վստահելի և արդյունավետ գործիք տրամադրելու նպատակով։

 

You may like