Get our free app. It won't take up space on your device
Խորհուրդներ դիմորդներին

Ներառե՞լ հոբբիները և հետաքրքրությունները ռեզյումեում

5/17/2023 | 2652 views

Որոշ բաժիններ ռեզյումեում անհրաժեշտ են, իսկ որոշները, ինչպես օրինակ, հոբբիները և հետաքրքրությունները՝ ոչ։ Հարցը՝ նշե՞լ դրանք ռեզյումեում, թե՞ ոչ, չունի միանշանակ պատասխան։ Դա կախված է մի շարք գործոններից և այն աշխատանքի առանձնահատկություններից, որին դիմում եք։

 

Ո՞ր դեպքերում նշել հոբբիները և հետաքրքրությունները, որո՞նք ներառել և որո՞նք բացառել և ինչպե՞ս ներկայացնել դրանք․ այս մասին՝ մեր այսօրվա բլոգում։

 

Ընդգծեք ձեր անհատականությունը․ ե՞րբ ներառել հոբբիները և հետաքրքրությունները

Հոբբին այն գործունեությունն է, որը ծավալում եք ազատ ժամանակ, իսկ հետաքրքրություններն այն գաղափարները, ոլորտները կամ թեմաներ են, որոնք ուսումնասիրում եք և որոնց վերաբերյալ ցանկանում եք խորացնել ձեր գիտելիքները։ Օրինակ, հոբբի կարող է լինել ճանապարհորդելը, իսկ հետաքրքրություն՝ դասական երաժշտությունը։ 

 

Մինչ ռեզյումեում հոբբիներ և հետաքրքրություններ ավելացնելը, մտածեք՝ ձեր մասին նման տեղեկությամբ ի՞նչ եք փորձում փոխանցել պոտենցիալ գործատուին։ Այն, թե ինչի վրա եք ծախսում ձեր ազատ ժամանակը, ցույց է տալիս, թե ինչեր եք արժևորում և ինչ լրացուցիչ գիտելիքներ և հմտություններ ունեք։ Հնարավոր է՝ այն թեմաները, որոնք ներկայումս ուսումնասիրում եք կամ կցանկանայիք ուսումնասիրել, համընկնեն ընկերության ակնկալիքների հետ։

 

Ներառեք հոբբիներն ու հետաքրքրությունները միայն այն դեպքում, երբ դրանք արժեք են ավելացնում և կարևոր ուղերձ են փոխանցում գործատուին։ Դրանք պետք է նաև որոշակիորեն համապատասխանեն այն աշխատանքին, որի համար դիմում եք։ Թվարկեք միայն այնպիսիները, որոնք ձեզ կներկայացնեն դրական լույսի ներքո և կբացահայտեն տվյալ հաստիքի համար պահանջվող հմտություններ և որակներ: Այդ նպատակով վերանայեք աշխատանքի նկարագրությունը և պահանջները։ 

 

Եթե գործատուն կարևորում է դիմորդների անհատականությունը կամ աշխատանքի հայտարարության մեջ նշվում են այնպիսի պարտականություններ, որոնք համապատասխանում են ձեր հոբբիներին և հետաքրքրություններին, ապա մի քանիսը նշելը կօգնի ձեր անհատականության մասին ավելի լիարժեք պատկերացում տալ։ 

 

Հոբբիներն ու հետաքրքրությունները, որոնք ցույց են տալիս դրական հատկանիշներ կամ հմտություններ, ինչպիսին է, օրինակ, թիմային աշխատանքը, ավելի լավ ազդեցություն կունենան: Օրինակ, եթե որպես ձեր հոբբի նշում եք ֆուտբոլ խաղալը, ապա դրանով նաև ասում եք, որ ունեք թիմային աշխատանքի հմտություններ, կամ եթե տեղափոխություն կամ հաճախակի գործուղումներ պահանջող աշխատանքի համար դիմելիս նշում եք ճամփորդությունը, ապա ձեր թեկնածությունը կարող է ավելի հարմար դիտարկվել տվյալ աշխատանքի համար:

 

Ռեզյումեում ներառեք հոբբիներից և հետաքրքրություններից միայն 4-ը, առավելագույնը՝ 6-ը։ Թվարկեք միայն այն հոբբիները և հետաքրքրությունները, որոնք ամենակարևորն ու ամենատպավորիչն են։

 

 

Մանրամասները կարող են վնասել․ ե՞րբ են հոբբիները և հետաքրքրություններն ավելորդ

Հաճախ հոբբիներն ու հետաքրքրությունները ներառելը չնչին նշանակություն ունի, օրինակ, երբ դիմում եք այնպիսի աշխատանքի, որում ունեք զգալի փորձ, ապա գործատուն ձեր մասնագիտական որակավորումներն ավելի կարևոր կգտնի, քան հոբբիներն ու հետաքրքրությունները: Այս դեպքում կարող եք դրանք չնշել։

 

Երբեմն մարդիկ ներառում են հոբբիներն ու հետաքրքրությունները, երբ ունեն սահմանափակ աշխատանքային փորձ և քիչ տեղեկություն՝ ռեզյումեում նշելու համար։ Խուսափեք նման մոտեցումից, քանի որ հոբբիներն ու հետաքրքրությունները նշելը ինքնանպատակ չէ․ անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք գործոններ, հասկանալ՝ ձեզ համար կարևո՞ր է դրանք նշելը, թե՞ ոչ։ Առանց հիմնավոր պատճառի դրանք ներառելը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ։  

Առհասարակ խուսափեք հետաքրքրությունների թվում նշել այնպիսիները, որոնք բացահայտում են անձնական տեղեկություններ, որոնցով ցանկալի չէ կիսվել գործատուների հետ, օրինակ՝ քաղաքական կամ կրոնական հայացքների վերաբերյալ տեղեկությունները։


 

Ո՞ր հոբբիները և հետաքրքրությունները նշել ռեզյումեում

Հաճախ թեկնածուները նշում են իրենց ժամանցի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը ոչինչ չի ասում գործատուին, հետևաբար ֆիլմեր դիտելը կամ երաժշտություն լսելը միանշանակ պետք չէ նշել ռեզյումեում։

 

Ստորև ներկայացնում ենք մի քանի հոբբիներ և հետաքրքրություններ, որոնք կարող եք ներառել ձեր ռեզյումեում՝ իհարկե չմոռանալով հաշվի առնել, թե տվյալ հաստիքի համար ինչ հիմնական հմտություններ և կարողություններ են պահանջվում։ 

 

 

Լեզուներ սովորելը

Լեզուներ սովորող մարդկանց մոտ զարգանում են այնպիսի կարևոր հմտություններ, ինչպիսիք են խնդիրներ լուծելու կարողությունը և վերացական հասկացությունների հետ աշխատելը:

Եթե դիմում եք սոցիալական աշխատողի, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետի, մենեջերի և հաճախորդների սպասարկման մասնագետի հաստիքների համար, ապա նկատի ունեցեք, որ լեզուներ սովորելը որպես հետաքրքրություն նշելը տեղին կլինի։

 

Ճանապարհորդություն

Անձը, ով սիրում է ճամփորդել, ամենայն հավանականությամբ, հետաքրքրասեր է, սիրում է նոր բաներ բացահայտել և սովորել, ծանոթանալ տարբեր մշակույթների և հանդիպել հետաքրքիր մարդկանց հետ։ Դա նաև նշանակում է, որ դուք կազմակերպված եք և հարմարվում եք նոր իրավիճակներին և միջավայրերին։

Այս բոլոր հատկանիշները վկայում են, որ անձը հարմարվող և ճկուն աշխատակից է, մի բան, որը բոլոր գործատուները բարձր գնահատում են:

 

Ստեղծագործելը

Գրական ստեղծագործությամբ զբաղվելը փաստում է ձեր հաղորդակցման բարձր հմտությունների մասին։ Սա կարևոր է, քանի որ ընկերություններում թե՛ բանավոր և թե՛ գրավոր հաղորդակցությունը ամենապահանջված փափուկ հմտություններից է:

Գրական ստեղծագործությամբ զբաղվել որպես հոբբի նշելը ցույց է տալիս, որ ձեր հաղորդակցման հմտություններն ավելի բազմազան են և չեն սահմանափակվում միայն աշխատանքային հաղորդակցությամբ, ինչն արդեն իսկ առավելություն է։ Բացի այդ, գործատուն կարող է եզրակացնել, որ դուք աչքի կընկնեք նաև ստեղծարար մտածողությամբ։

 

Հասարակական ակտիվություն

Կամավորությունը և համայնքային կյանքում ներգրավվածությունը խոսում է անձի նախաձեռնողականության, այլոց նկատմամբ կարեկցանքի դրսևորման և անձնական շահերից դուրս արժեհամակարգ ունենալու մասին։ Կամավորական գործունեություն ծավալող մարդիկ հիմնականում լավ թիմակիցներ են և ունեն կազմակերպչական և առաջնորդության հմտություններ։ 

 

Կամավորությունը ռեզյումեում հիմնականում ներառում են ուսանողները, ովքեր չունեն մասնագիտական փորձ և ընդգծում են կամավորական աշխատանքը։ Նման փորձը հատկապես օգտակար կարող է լինել, եթե դիմում եք աշխատանքի հասարակական կազմակերպություններում։ 

 

Բլոգ վարելը

Եվս մեկ հոբբի, որն ընդգծում է հաղորդակցության հմտությունները։ Միաժամանակ բլոգ վարելը վկայում է անձի՝ նախաձեռնող լինելու մասին։

Եթե ունեք ձեր բլոգը, ապա նշեք այդ մասին ռեզյումեում՝ հատկապես երբ դիմում եք այնպիսի աշխատանքի համար, որում կարևոր է անկախ աշխատելու կարողությունը։

 

Սպորտով զբաղվելը

Սպորտը և ֆիզիկական ակտիվությունը բարելավում են ուղեղի աշխատանքը՝ նպաստելով ամենօրյա գործողությունները կատարելու կարողության զարգացմանը:

Սպորտով զբաղվելը նպաստում է այնպիսի անձնային հատկանիշների ձևավորմանը, ինչպիսիք են կարգապահությունը և թիմային աշխատանքը։

 

Ընթերցանություն

Անկախ հանգամանքից, թե ինչ ժանրի գրքեր եք նախընտրում կարդալ, ընթերցանությունը որպես հոբբի նշելը լավագույն տարբերակներից մեկն է։ 

Ընթերցանությունը մարզում է ուղեղը, բարելավում կենտրոնանալու ունակությունը, հարստացնում ընդհանուր գիտելիքների պաշարը։


 

Արվեստով զբաղվելը

Գործատուներն արժևորում են թեկնածուների ստեղծարարությունը՝ բազմաթիվ աշխատատեղերի համար նրանցից պահանջելով ստեղծարար մոտեցում։ 

Արվեստի որևէ ճյուղով զբաղվող կամ հետաքրքրվող անձինք ոչ միայն ստեղծարար են, այլև ունեն զարգացած երևակայություն և աչքի են ընկնում խնդիրներ լուծելու կարողությամբ։


 

Որտե՞ղ և ինչպե՞ս․ հոբբիները և հետաքրքրությունները՝ ձեր ռեզյումեում

Նախ ներկայացրեք գլխավոր տեղեկատվությունը՝ առաջնահերթություն տալով մասնագիտական փորձին, կրթությանը, հմտություններին և լեզուների իմացությանը։

Հոբբիներն ու հետաքրքրությունները պետք է զբաղեցնեն ձեր ռեզյումեի վերջին բաժինը։ Կարող եք պարզապես թվարկել դրանք, սակայն կարող եք նաև կարճ նախադասությամբ մի փոքր նկարագրել։ Օրինակ, «Լեռնային հեծանվավազք՝ պարբերական մասնակցություն լեռնային հեծանվային էքսկուրսիաների, անդամակցություն տեղական հեծանվային ակումբում»:

 

 

Եղեք ազնիվ

Ինչպես ձեր ռեզյումեում տրամադրված ամբողջ տեղեկատվության, այնպես էլ հոբբիների և հետաքրքրությունների մասին նշելիս եղեք անկեղծ։

 

Որքան էլ հրաշալի է հնչում այս կամ այն հետաքրքրության ոլորտը և որքան էլ դուք մեծ ցանկություն ունեք մի օր դրանով զբաղվելու, մի նշեք այն։ Պարզապես այն, որ ձեզ դուր է գալիս, օրինակ ֆրանսերենի հնչեղությունը և Փարիզում անցկացրած արձակուրդի ընթացքում մի քանի բառ եք սովորել, չի նշանակում, որ ուսումնասիրում եք լեզուն։ Պատկերացրեք, դուք նշում եք, որ սիրում եք օտար լեզուներ ուսումնասիրել և հարցազրույցի ժամանակ հավաքագրման մասնագետը հարցնում է, թե այժմ ինչ լեզու եք ուսումնասիրում։ Նշում եք որևէ լեզու և պարզվում է, որ ձեր զրուցակիցը տիրապետում է այդ լեզվին և պարզագույն հարց է տալիս, որի պատասխանը, սակայն, ձեր լռությունն է։

 

Այսպիսով, ռեզյումեում ներառեք հոբբիներ ու հետաքրքրություններ, եթե դրանք համապատասխանում են աշխատանքին, և ընդգծում են այն փափուկ հմտությունները, որոնք ընկերությունը կարող է կարևորել տվյալ հաստիքը զբաղեցնող մասնագետի մոտ։

 

Նախքան որևէ հոբբի կամ հետաքրքրություն նշելը, մտածեք՝ ինչպե՞ս կընկալվի այն գործատուի կողմից։ Հիշեք, այն, ինչին դրական է վերաբերվում մեկը, մյուսը հեշտությամբ կարող է այլ կերպ մեկնաբանել և բացասական վերաբերմունք ունենալ։

 

Եթե կասկածներ ունեք, թե արդյոք ձեր հոբբին դրական կընկալվի գործատուի կողմից, թե ոչ, ապա մի ընդգրկեք այն։ Սխալ ընկալվելը կարող է կողմնակալ որոշման հիմք հանդիսանալ և այս դեպքում, վնասն ավելի շատ կլինի, քան օգուտը։ Միաժամանակ նկատի ունեցեք, եթե դրանք տեղին են և կապ ունեն աշխատանքի հետ, ապա կարող են գործատուին օգնել իմանալ ձեր մասին այն, ինչը ձեզ առանձնացնում է մյուս թեկնածուներից՝ մեծացնելով աշխատանքի առաջարկ ստանալու հնարավորությունը։

 

You may like