Get our free app. It won't take up space on your device
HR ոլորտ

Ինչպե՞ս պատասխանել HR մասնագետի հարցերին

7/27/2020 | 4448 views

Մենք առանձնացրել ենք մի քանի հարց և պատասխան, որոնք կօգնեն կողմնորոշվել՝ ինչպես ներկայանալ։

Պատմեք Ձեր մասին

Այս հարցը շատերին է հունից հանում, չէ՞ որ ամեն ինչ այսպես թե այնպես գրված է CV-ում։ Նման հարցով մասնագետը ստուգում է թեկնածուի ներկայացման, ինքնաներկայացման հմտությունները, որոնք շատ կարևոր են ցանկացած աշխատանքում։ Հիմնականում այս հարցին պատասխանելիս թեկնածուն կրկնում է այն, ինչ կա CV-ում։ Սա այն հարցն է, որի շուրջ միանշանակ պետք է նախապես մտածել, գտնել կարճ, բայց դիպուկ նկարագրություններ քո անձի և մասնագիտական որակների մասին։ Այդպիսի պատասխանը ցույց կտա, որ դու կարողանում ես տարբերակել գլխավորն ու երկրորդականը, հավաքված ես, զուսպ, կարողանում ես ինքդ քեզ օբյեկտիվ գնահատել և ներկայացնել։

Ինչո՞ւ եք դուրս եկել նախորդ աշխատանքից

Նման հարցը ստուգում է, թե ինչպես ես դու խոսում քո անցյալի մասին ու շատ լավ բնութագրում է քեզ որպես թիմակից։ Այս հարցի պատասխանը կարող է որոշիչ լինել՝ կհաղթահարե՞ս հարցազրույցի փուլը, թե՞ ոչ։ Թեկնածուները հաճախ դիտարկում են ՄՌ մասնագետին որպես ընկեր և որոշում պատմել աշխատանքից հեռանալու դրդապատճառների մասին՝ նշելով, որ ղեկավարը խելացի չէր, գործընկերներն ազնիվ չէին, հաճախորդները նյարդայնացնում էին։ Որքան էլ որ բացասական է եղել նախորդ փորձը, չի կարելի նմանատիպ պատասխաններ տալ։ Հնարավոր է, որ ՄՌ մասնագետը պնդի և փորձի մանրամասներ կորզել, բայց լավագույն պատասխանը քո կողմից կլինի պատմել ձեռք բերված փորձի մասին և հպանցիկ նշել, թե ինչու եք փոխում աշխատանքը։

Ինչպիսի՞ն է եղել աշխատանքային անհաջողությունը

Աշխատանքային անհաջողություններ ունենում ենք բոլորս, դա բնական է։ ՄՌ մասնագետը, տալով այս հարցը, փորձում է ստուգել, թե ինչպես ես դու վերաբերում քո անհաջողություններին, ինչպես ես դրանք գնահատում և ինչ ազդեցություն են դրանք թողել։ Շատ լավ է, եթե դու իսկապես ցանկացած անհաջողության վերաբերվում ես որպես նոր փորձառության, եզրակացություններ անում և դասեր քաղում։ Եթե ոչ, ապա իսկական ժամանակն է նման մոտեցում որդեգրելու։ Պատմեք ՄՌ մասնագետին, թե ինչ է եղել, իհարկե, չընկնելով մանրամասն ու էմոցիոնալ նկարագրությունների հետևից։ 

Ինչպիսի՞ աշխատավարձ եք ակնկալում

Մեծ է գայթակղությունը պատասխանել «հնարավորինս շատ», բայց քիչ է հավանականությունը, որ քո սրամտությունը կգնահատեն։ Աշխատավարձի մասին խոսելիս պետք է հաշվի առնել աշխատաշուկայում առկա առաջարկները և խոսել միջինացված գումարի մասին, եթե դու առաջատար մասնագետ չես; Ընդհանրապես, ՄՌ մասնագետներն ասում են, որ կարելի է առաջնորդվել այսպիսի բանաձևով՝ նախորդ աշխատատեղի աշխատավարձը + 10-20%։ Ամենայն հավանականությամբ, եթե քեզ աշխատանք առաջարկեն, կվճարեն քո ասած գումարը, այնպես որ ուշադիր եղիր և քեզ ճիշտ գնահատիր։

Քեյսային առաջադրանքներ

Պատահում է, որ ՄՌ մասնագետն առաջադրանքային հարցեր է տալիս քո ոլորտի հետ կապ չունեցող երևույթների մասին։ Այսպիսի հարցերի նպատակն է գնահատել, թե որքան լայն ես մտածում, կարողանում ես արդյոք հաշվի առնել բազմաթիվ ակնհայտ և ոչ այնքան փոփոխականներ և այլն։ Ի դեպ, այստեղ կարևոր է նաև, թե ինքներդ ճշգրտող ինչ հարցեր եք տալիս։ Ոլորտի հետ կապ չունեցող առաջադրանքը մեղմում է հարցի խստությունը՝ միևնույն ժամանակ ստուգելով բազմաթիվ soft հմտություններ թեկանծուի մոտ։

Նմանատիպ հարցեր, ամենայն հավանականությամբ, կլինեն բոլոր հարցազրույցների ժամանակ, ուստի մտածված պատասխանները շատ կարևոր են և կարող են բացել քո առջև ցանկալի աշխատանքի դուռը։

 

You may like